Դիջիպատում

1460012_563644433729155_593965867_n

2013 թվականը լի էր անակնկալներով, բարդ ու դժվարամարս էր: Ամեն ամիս իր հետ բերում էր նոր գաղափարներ, նոր անելիքներ: 2013թ կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոց ուսուցուման կազմակերպման մեջ մեծ ու էական փոփոխություն կատարվեց`ուսուցման ավանդական եղանակին եկավ փոխարինելու նախագծային ուսուցումը: Նոր ուսումնական տարին նշանավորվեց նախագծերով և ինձ համար դարձավ նախագծային տարի:  Սակայն 2013-ն ինձ համար կարևորվեց մեկ այլ ավելի էական ձեռքբերմամբ: Խոսքը նոթբուք-նեթբուքերով դասի կազմակերպման մասին է: Այս ուսումնական տարվանից սկսած նեթբուքը մեր սովորողների համար դարձավ և՛ տետր , և՛ գիրք, և՛ ընդհանրապես, սովորելու համար հեշտ, մատչելի և հետաքրքիր ուսումնական միջավայր ստեղծող գործիք: Երբ ծնողին ներկայացրինք այն փաստը, որ իրենց երեխան այսուհետ դպրոց է գալու միայն նոթբուքով, շատերի մոտ դժգոհություն առաջացավ, որը խոստովանեմ շատ վախեցրեց ինձ: Երկար փնտրտուքից հետո ես գտա այդ ճանապարհը: Ծնողին ամեն օր ներկայացնում էի մեր աշխատանքը, ծնողը թե՛աշխատավայրից, թե՛ տնից հետևում էր սովորողի աշխատանքներին: Ինչպես էր դա լինում: Դասերը անցկացվում էին առցանց: Միջոցները տարբեր էին` ինտերակտիվ դաս, հորինումներ, ինքնաստուգման աշխատանքներ և այլն: Դասի ընթացքում էլփոստի միջոցով սովորողները ստանում էին առաջադրանքները, դրանք կատարում, հետ ուղարկում: Այդ ընթացքում մեզ հետ կապի մեջ էր լինում նաև ծնողը: Տեսնում էր իր երեխայի սխալները, նամակով գրում ինձ, որ իր երեխան այստեղ անփույթ է եղել, այս մի տեղում ուշադիր չի եղել և այլն: Եվ այս ճանապարհով ես գտա ծնողներին ներգրավելու և նրանց հետ աշխատելու տարբերակ: Իհարկե, այս բնագավառում դեռ շատ անելիքներ ունեմ և 2014թ. կարևոր գործերից մեկը հենց դա եմ համարում: Ես մինչև տարվա վերջ ծնողների հետ դեռ շատ նախագծային աշխատանքներ պետք է իրականացնեմ, ասում եմ նախագիծ, քանի որ կարծում եմ, որ սա էլ է լուրջ նախագիծ: Կարծում եմ իմ աշխատոանքով կարողացել եմ արժանանալ իմ սովորողների ծնողների վստահությանը, որը համարում եմ 2013-ի ամենամեծ ձեռքբերումը:

 

Նախագծով աշխատելու ընթացքում եկել եմ այն համոզմանը, որ որևէ նախագծի շուրջ միշտ հարկ է լինում երկար աշխատել. նախ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք իրականացնել, հետո պետք է արդյունքները հավաքել, ամբողջացնել: Այդ պատճառով ունեմ առաջարկ-խնդրանք, որ հատկապես կրտսեր դպրոցի ծրագիրը մշակելիս ամիսը շատ չծանրաբեռնել նախագծերով. Կարծում եմ ամսվա կտրվածքով ամենաշատը պետք է երկու նախագիծ իրականցնել:

 

 

 

Оставьте комментарий